Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր Իշխանությունների «վերելակային դիվանագիտությունը» կտրուկ վայրէջք է ունենալու. Աշոտյան

Նոր Իշխանությունների «վերելակային դիվանագիտությունը» կտրուկ վայրէջք է ունենալու. Աշոտյան
04.03.2019 | 16:00

ՀՀԿ Փոխնախագահ Արմեն Աշոտյանն այն տեսակետին է, որ արտաքին քաղաքական դաշտում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կարևորագույն խոստումը` կապված Հայաստանի և Արցախի ազգային ու պետական շահերը հավուր պատշաճի պաշտպանելու հետ, չի կատարել: Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, ասում է Աշոտյանը, ոչ մի երկիր կամ միջազգային կառույց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին հայտարարություն չի արել:
«Քաղաքական ներքին գործընթացներն արտաքին դաշտ տեղափոխելու, ապիկար արտաքին քաղաքական կուրս որդեգրելու հետևանքով Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերություններն աննախադեպ են և փայլուն, սակայն երբ Հայաստանը ստանձնեց Եվրասիական տնտեսական միության նախագահությունը և վարչապետը Մոսկվայում էր, Ռուսաստանի դաշնության նախագահի հետ հանդիպում տեղի չունեցավ: Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրով նախատեսված և Հայաստանի ստանձնած ոչ մի բարեփոխում չի իրականացվել: Այդ ծրագիրը պետք է հաստատվեր դեռևս անցած տարվա դեկտեմբերին: Մարտն է արդեն, բայց ծրագիրը դեռ չկա: ԵՄ դեսպանը դիվանագիտորեն ակնարկեց, որ ծրագիրը դեռ Բրյուսելում է, և եվրոպական փորձագետները փորձում են աշխատել մեր նախարարությունների փոխարեն, որ այն վերջնական ու ընդունելի տեսք ստանա: Մարտի վերջին ԵՄ-ն կտա իր պաշտոնական համաձայնությունը, և ակնկալվում է`գոնե ապրիլին կառավարությունը կբարեհաճի հաստատել այս կարևորագույն որոշումը»,- մանրամասնում է Աշոտյանն ու հիշեցնում ԵՄ դեսպանի խոսքը` քանի որ ծրագիրը չկա, Հայաստանին հատկացված գումարներից ավելի քան 100 միլիոն եվրոն սառեցված է:


ՀՀԿ փոխնախագահն արձանագրում է նաև` թեև կառավարությունը խոսում է ներդրումների և արտաքին աշխարհից գումարներ ներգրավվելու մասին, սակայն իրականում ունակ չէ ապահովել առկա գումարների Հայաստանում ճիշտ կիրառման քաղաքականությունը: Մյուս կողմից էլ` դանդաղել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, այն աստիճանի, որ ԱԺ գործող նախագահն ընդունում է իր մեղադրանքներն ու քննադատությունը և ասում` «2019 թվականին այդ համաձայնագիրը չի վավերացվի»:


Այնուհետ հիշեցնում է` եթե եվրոպացի պաշտոնյաներն նախկինում ասում էին, թե 2020-ին արդեն կարող է մեկնարկել Եվրամիության հետ վիզաների ազատականացման վերաբերյալ քաղաքական երկխոսությունը, ապա այժմ որևէ ժամկետ չեն նշում նրանք. «Այս օրերին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է, սակայն աշխատանքային ծրագրում այս հարցը չկա, ստորագրվելու են կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաձայնագրեր, որոնք սակայն քաղաքական կապիտալ չեն ստեղծում, չունեն քաղաքական առաջնահերթ կարևորություն: Հայաստանի իշխանությունները առաջընթաց չունեն նաև այլ երկրների հետ հարաբերություններում»:


Անդրադառնալով կառավարության կողմից առաջ քաշված այն թեզին, թե Արցախը պետք է կոնֆլիկտի բանակցային կողմ դառնա, նկատում է`որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը փորձում են կենդանի պահել խոստումը, այդ մասով նույնպես դեռևս առաջընթաց չկա: Նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններին, որտեղ չեն հիշատակվում Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման կարևորության մասին. «Վերջին անգամ այդ պայմանավորվածություններին համանախագահներն անդրադարձել են 2018-ի փետրվարի 18-ին: Այդ պայմանավորվածությունները որակվում էին Ադրբեջանի դիվանագիտական պարտություն, իսկ դրանց մասին հիմա չխոսելն ապրիլյան պատերազմի պատասխանատվությունից Ադրբեջանի անունը մաքրելու ակամա աջակցություն է, և դա կարևորագույն բացթողում է: Ասեմ նաև, որ վերելք ապրող «վերելակային դիվանագիտությունը» կտրուկ վայրէջք է ունենալու: Իրավական որևէ հիմք չունեցող, չպարտավորեցնող Դուշանբեի պայմանավորվածությունը հանգեցրել է նրան, որ հայկական երկու կողմերը պահում են պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանն ամրացնում է իր դիրքերը Արցախ-Ադրբեջան և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Մյուս մտահոգությունս կապված է այն հագամանքի հետ, որ Հայաստանի իշխանությունը միջազգային հարթակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների և ժամկետների հարցում, չգիտես ինչու և ինչպես, ստեղծել է չհիմնավորված լավատեսական ակնկալիքներ, իսկ հայ հասարակությունը չգիտի, թե ինչ է ընկած այդ լավատեսության հիմքում: Ակնհայտ է, որ այդ լավատեսությունը որևէ իրական, քաղաքական հիմք չունի և չի կարող ունենալ, քանի որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ժխտում է այն լուրերը, որ իր հանդիպումներ որևէ քաղաքական օրակարգ ունեն` կապված արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարի հետ: Անգամ հայտարարել է, որ իր հերթական հանդիպումը լինելու է առանց օրակարգի»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ